Google Drive-ի օգտագործման լրացուցիչ պայմաններ

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2020 թ․ մարտի 31 (դիտել նախորդ տարբերակը)

Google Drive-ն օգտագործելու համար դուք պետք է ընդունեք (1) Google-ի օգտագործման պայմանները և (2) Google Drive-ի օգտագործման այս լրացուցիչ պայմանները («Google Drive-ի օգտագործման լրացուցիչ պայմաններ»

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս փաստաթղթերից յուրաքանչյուրը։ Այս փաստաթղթերը միասին կոչվում են «Պայմաններ»։ Դրանք սահմանում են, թե ինչ կարող եք դուք մեզնից ակնկալել մեր ծառայություններն օգտագործելիս, և ինչ ենք մենք ակնկալում ձեզնից։

Չնայած դա այս Պայմանների մաս չի կազմում, այնուամենայնիվ խորհուրդ ենք տալիս ծանոթանալ մեր Գաղտնիության քաղաքականությանը, որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչպես կարող եք թարմացնել, կառավարել, արտահանել և ջնջել ձեր տվյալները։

1. Ձեր բովանդակությունը

Google Drive-ի միջոցով կարող եք բովանդակություն վերբեռնել, ավելացնել, պահել, ուղարկել և ստանալ։ Ինչպես որ նկարագրված է Google-ի օգտագործման պայմաններում, ձեր բովանդակությունը մնում է ձեր սեփականությունը։ Մենք չենք հավակնում սեփականության իրավունք ձեռք բերել ձեր որևէ բովանդակության նկատմամբ, լինի դա տեքստ, տվյալներ, տեղեկատվություն և ֆայլեր, որոնք դուք վերբեռնում, հրապարակում կամ պահում եք Drive-ի ձեր հաշվում։ Google-ի օգտագործման պայմանները Google-ին տալիս են սահմանափակ լիազորություններ՝ գործարկելու և բարելավելու Google Drive-ի ծառայությունները, որպեսզի կարողանանք տրամադրել ձեզ համապատասխան գործառույթը, երբ, օրինակ, որոշեք կիսվել փաստաթղթով որևէ մեկի հետ կամ ուզենաք բացել այն մեկ այլ սարքում։

Google Drive-ը նաև ձեզ հնարավորություն է տալիս համատեղ աշխատելու Google Drive-ի այլ օգտատերերի բովանդակության վրա։ Բովանդակության «սեփականատերը» նա է, ով վերահսկում է բովանդակությունը և դրա օգտագործումը։

Google Drive-ի հասանելիության կարգավորումները հնարավորություն են տալիս սահմանելու, թե ինչ կարող են ուրիշներն անել Google Drive-ում պահվող ձեր բովանդակության հետ։ Ձեր ֆայլերի գաղտնիության կարգավորումները կախված են այն պանակից կամ դրայվից, որում դրանք գտնվում են։ Ձեր անհատական դրայվում պահվող ֆայլերն ի սկզբանե հասանելի են միայն ձեզ, քանի դեռ չեք կիսվել դրանցով։ Դուք կարող եք կիսվել ձեր բովանդակությամբ կամ փոխանցել դրա վերահսկումն այլ օգտատերերի։ Ֆայլերը, որոնք ստեղծում կամ տեղակայում եք այլ օգտատերերին հասանելի պանակներում կամ դրայվներում, կժառանգեն հասանելիության համապատասխան կարգավորումները և կարող են ժառանգել այն պանակի կամ դրայվի սեփականության կարգավորումները, որում դրանք գտնվում են։ Մենք ձեր ֆայլերն ու տվյալները չենք տրամադրի այլ անձանց, բացառությամբ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված դեպքերի։

Մենք չենք օգտագործի ձեր բովանդակությունը մարքեթինգային կամ գովազդային արշավներում։

2. Ծրագրի կանոններ

Մենք կարող ենք ստուգել բովանդակությունը՝ որոշելու, թե արդյոք այն համապատասխանում է օրենսդրության պահանջներին և մեր Ծրագրի կանոններին։ Լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում մենք կարող ենք հեռացնել կամ արգելափակել այն։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պարտադիր կարգով ստուգում ենք բովանդակությունը։